Tert.am-ի հարցին, թե երկրորդ նախագահը պլանավորո՞ւմ է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»: Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «ՈՒրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվելու ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը: